Սրտի կանգ
21.02.2020 | 00:20
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայտարարվել է գիրք նվիրելու օր: Սքանչելի նախաձեռնություն է: Գուցե մարտի 13-ն էլ՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, հայտարարվի գիրք ԿԱՐԴԱԼՈՒ՞ օր: Այնքան երկա՞ր է մեր կյանքը, որ մեզ թույլ ենք տալիս մակերեսով սահելու շռայլությունը, չխորանալով իրադարձությունների ու իրավիճակների մեջ, պատճառների ու հիմքերի: Սահել-անցնելը քաղաքացիական կամ քրեական օրենսգրքի ոչ մի հոդվածով հանցանք չէ՞: Օրենքներին ապավինե՞լն է ճիշտ, թե՞ խղճի դատաստանին: Ես չգիտեմ:
Բայց գիտեմ, որ գրված ու չգրված օրենքներով կենսական էներգիան ապարդյուն սպառելը կամ սպանելը մեծագույն հանցանքն է կյանքի դեմ ու պատժվում է մահով: Ոչ փոխաբերական, ոչ պայմանական, ոչ քաղաքական, այլ՝ ուղղակի: Դիահերձող բժիշկները մահվան վկայականում գրում են «Սրտի կանգ», նրանք պարտավոր չեն սրտի կանգի պատճառները նշել: Նրանք արձանագրում են փաստը:
Ինչի՞ վրա ենք սպառում մեր անձնական ու պետության կենսական էներգիան:
Հեղափոխությունից հետո ինչի՞ նպատակաուղղվեց կենսական էներգիան, որ պատրաստ էր փոփոխությունների իրագործման:
Ինչու՞ չունեցանք հավաքական մտքի պարտադրանքով ձևավորված ԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՏԱՊ ՕՐԱԿԱՐԳ: Ինչու՞ չունեցանք ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գիտակցություն: Ինչու՞ գերարագ կյանքը վերադարձավ սովոր հուն, ու ամեն ինչ հոսեց նույն արագությամբ ու նույն ուղղությամբ: Պարզապես թեթևակի փոփոխությունների ենթարկվեցին հասկացությունները, ձևային, ու ոչ՝ բովանդակային: Ինչու՞ մենք՝ նախնադարյան-բազմադարյան-վաղնջական մեր պատմությամբ, չենք սովորում կեցության ամենակարևոր կանոնը՝ ԴԻՄԱԴՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ սիրտը առանց պատճառի կանգ չի առնում: Երբ չես ունենում իրական երազանք, ամեն ինչի հնարավոր է երազանքի հանդերձանք հագցնել ու հրամցնել իբրև կենսական կարևորության խնդիր: ՈՒ՝ բազմացնել միտակ մտածողության ու միտակ զգացողության մարդկանց, որ վայրկենական դառնում են ամբոխ: Որ ապրում են ամբոխի պայմանական ռեֆլեքսներով ու բնազդներով, որովհետև այդպես հեշտ է ու այդպես չկա պատասխանատվություն: Ոչնչի համար: Միտակ մտածողությամբ ու միտակ զգացողությամբ մարդկանց պատճառները չեն հետաքրքրում, նրանց պետք են խմբակային հրահանգներ ու պարգևատրումների արդար համակարգ: Ամբոխահաճությունն այսօրվա խնդիր չէ, միշտ է եղել, բայց մարդկությանը պարբերաբար հաջողվել է վերադառնալ մտքի դաշտ, երբ սպառվել են պոպուլիզմի պաշարները, ու քաղց են զգացել: Պարզ, հասարակ սովածություն, որ արդեն դեմագոգիայով ու սոփեստությամբ չի անցնում: Իսկ երբ ուտել ես ուզում, պիտի աշխատես: Կամ՝ գողանաս: ՈՒ հենց այս կետում է սկսվում ընտրությունը՝ գնալ դեպի բովանդակությու՞ն, թե՞ գոհանալ պատճենով: Կյանքի արտապատճենումը քրեական հանցանք չէ, հանցանք է Աստծո դեմ, որ կյանք է տվել ու ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ: Սրտի կանգից առաջ մտածեք բովանդակության ու բովանդականմանության տարբերությունների մասին:
Փետրվարի 17-ից սկսվել է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավը: Եվ՝ «ահեղ լռություն է ճամփաներում»: Ոչ «այո»-ներն են աղմկում, ոչ «ոչ»-երը: Կարծես կարանտին լինի: Ոչ կորոնավիրուսի՝ բարեբախտաբար: Մինչև փետրվարի 27-ը ՍԴ դատավորները ժամանակ ունեն հրաժարական տալու: Մի քանի հրաժարականով պետության օրակարգը փոխելու գայթակղությունը փառահեղ հնարավորություն է, որից, սակայն, ոչ ոք, կարծես, չի ուզում օգտվել: Որովհետև կան տարընթերցումներ: Որովհետև մենք դեռ գիրք նվիրելու, ոչ թե կարդալու մակարդակին ենք: Որովհետև պետությունը նույնացրել ենք իշխանության հետ ու կարծում ենք, որ դա ՏԱՃԱՐ տանող ճանապարհն է: Որովհետև կարանտինի մեջ չեն մտածում, սպասում են՝ ինչ կլինի ու երբ կավարտվի: ՈՒ իշխում են կարծրատիպերը, ինքնուրույն մտածելը բորոտություն է:
Սահմանադրությունը փոխելու խնդրով հանրաքվեի իրավական կողմի մասին, միևնույն է, շարունակելու են խոսել, թեև գնացքն արդեն Ա կետից դուրս է եկել ու հասնելու է Բ կետին: Գուցե նույնիսկ Գ՝ երկրի սահմաններից դուրս: Բայց դա «Կիկոսի մահի» շարքից է: Հարցը ի սկզբանե քաղաքական էր ու քաղաքական էլ լուծում է տրվելու՝ իրավական ճանապարհով: Եթե սահմանադրական հանրաքվեն դառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, ո՞րն է անվստահության պատճառը, որ նա վստահություն չունի՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկության մասնակիցներից 80 տոկոս ձայն ստանալուց հետո։ Կա պատճառ՝ չքվեարկածները՝ 46 տոկոս: Փաստացի՝ նորից դրվում է իշխանության հարց: Գուցե նույնիսկ հիմա է դրվում իշխանության հարցը, երբ անցել է երկու տարի և 44+46 տոկոսով հանրությունը հնարավորություն ունի համեմատելու ու եզրակացություններ անելու: Եթե, իհարկե, ունակ է մտածելու ու… իմաստ է տեսնում մտածելու մեջ: Կամ ուզում է բուժել բորոտությունը:
Մտածի-չմտածի՝ կա 3 տարբերակ. գնալ ու ասել «այո», գնալ ու ասել «ոչ», չգնալ ու չասել ոչինչ: Պարադոքս է, բայց քաղաքական դաշտում ընտրվել է չգնալ ու «ոչ» ասելու տարբերակը: Բազում առարկողներ, հարկավ, կլինեն, բայց ես համոզված եմ, որ դա քաղաքական ուժի դիմազրկում է նշանակում, երբ ինքնաչեզոքանում է քաղաքական դաշտից՝ իրավական ու քաղաքական հիմնավորումներով պաշտպանվելով: Քաղաքականությունը ոմանք համարում են հնարավորի արվեստ, իրականում անկանխատեսելի ռիսկ է, որտեղ հաղթելու ռիսկն ավելի վտանգավոր է պարտվելու ռիսկից: Պարտությունը ծանր է ու դառը, պարտությունը որբ է, պարտվողից հրաժարվում են բոլորը, բայց հաղթանակը որոշում կայացնելու ու կատարելու պատասխանատվություն է: ՈՒ դա ավելի ծանր ու ավելի դառն է, երբ պարզվում է, որ միայն թղթի վրա է Ա կետից Բ կետ տանող ամենակարճ ճանապարհը ուղիղ գիծը, իրականության մեջ ոչ մի գիծ ուղիղ չէ ու հարթ չէ: Նույնիսկ գծված չէ:
Ստացվում է ներկա իշխանությունը մենամարտի ձեռնոց է նետել նախկին իշխանությանը, իսկ նրանք հրաժարվում են մենամարտից: Ասում են՝ ժամանակ չունեն ոչ իրավական գործընթացների վրա վատնելու: Ռացիոնալ ու տրամաբանական կլիներ, որ այսքան երկար սևի ու սպիտակի գունահակադրումից հետո գոնե սևերը սևերի, սպիտակները սպիտակների դաշտում միավորվեին: Ոչ: Տուրբուլենտություն է, ու հանրաքվեն այդ տուրբուլենտության էպիկենտրոնն է:
Իսկ էպիկենտրոնի ցնցման աֆտերշոկերը կամաց-կամաց ցույց են տալիս, որ խորհրդարանական կառավարման մոդելի անցումը բնավ էլ չի նպաստել քաղաքական ուժերի կայացմանը՝ ինչ կային, այն էլ մնացել են: Երկու տարի առաջ հեղափոխության գնացքը նետվողները ցած են թռել, բայց ասում են՝ մենք շարժման մեջ ենք: Մենք մեր օրակարգն ունենք: Բարի երթ: Եվ, այնուամենայնիվ, ինչու՞ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած ՔՊ-ն չեն ցանկանում կամ չեն կարողանում ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ու ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԻ դաշտում գործել քաղաքական ուժերի հետ, գոնե խորհրդարանական: Դա մարդկայի՞ն, սկզբունքայի՞ն, գաղափարակա՞ն, քաղաքակա՞ն, հավերժակա՞ն կոնֆլիկտ է: ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻ՞Ն: Հազիվ թե: Բոլորին պիտակավորելը թրե՞նդ է, թե՞ պահանջարկ: Օրինակ, երբ հայտարարում են, որ «այո»-ին միացածները, եթե Փաշինյանը հաղթի, չեն հաղթի, որովհետև իրենց «պատերազմը» չէ, բայց իրենց վրա կվերցնեն Փաշինյանի կառավարության սխալներն ու պատասխանատվություն կկրեն վարչապետի ու նրա թիմի հետագա սխալների համար, մտածու՞մ են՝ ինչ են ասում: Ի՞նչ պատերազմ։ Երբ որևէ քաղաքական ուժ քաղաքական վարքագիծ ունի ու քաղաքական որոշում է ընդունում՝ ճիշտ կամ սխալ՝ իր ընտրությամբ ու իր պատասխանատվությամբ, նշանակում է՝ պատերազմու՞մ է, բացառվու՞մ է, որ սեփական տեսակետ ունի, սեփական նպատակ: Ե՞րբ է զարգանալու այն գիտակցությունը, որ քաղաքական ուժերն ընտրություն են անում՝ պատասխանատվություն կրելով ոչ թե իշխանության, այլ իրենք իրենց ու ժողովրդի առաջ: Եվ եթե վարչապետը ձախողվի հանրաքվեի արդյունքում, նրան սատարող ուժերը կպարտվեն նրա հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ նրանք կկորցնեն ներկա ու նախկին իշխանությունների հակամարտության պարագայում ապագայի ուժ լինելու շանսը, որովհետև այդ շանսը իշխանությունը չի տալիս, տալիս է ընտրողը: Առավել ևս անհեթեթ է կարծել, որ «ոչ» քարոզողները Փաշինյանի հաղթանակի դեպքում կպարտվեն ու կհայտնվեն նախկինների կողքին՝ նրանց սխալներն իրենց վրա կվերցնեն ու ապագայի ուժ չեն դառնա: Այս միագիծ ու միտակ մտածողությունն է ավերում քաղաքական դաշտը, ամեն որոշման հիմքում դնելով «պատերազմի» ու «կողմ» կամ «դեմի» կողմնորոշումը՝ բացառելով ինքնուրույն ճանապարհը: Սա աբսուրդ է: Այս հանրաքվեում ով էլ հաղթի, ով էլ պարտվի, չափազանց լոկալ հարց է լուծվում՝ այսքան տոտալ ընդհանրացումների համար: Պետությունը ինքն իր հետ չի «պատերազմում», ինքն իրեն չի կարող հաղթել ու պարտվել, ինչու՞ են քաղաքական ուժերին ստիպում ինքնադիմազրկումից բացի նաև ստանձնել նախկինների ու ներկաների հին ու նոր սխալների բեռը: Աբսուրդ լինելուց բացի՝ հակատրամաբանական է՝ ամեն մեկը գնում է իր ճանապարհով ու ինքն է ընտրում` ներսի ու դրսի այլ ուժերի սատելիտ դառնա՞, թե՞ ոչ: Անկա՞խ մնա, թեկուզ չստանալով քաղաքականապես նույնքան չհասունացած ու չկողմնորոշված, տարտղնված ու ապաքաղաքական դեգերումների մեջ գտնվող ընտրողի քվեն, թե՞ տրվի պոպուլիզմի ու ամբոխահաճության տրենդին ու ներքին-արտաքին պայմանավորվածություններին, որ հայտնվի օրենսդիր ու գործադիր իշխանության մեջ: Քաղաքականությունը ապրիորի առուծախ չէ, կոնկրետ գործողություններ են:
Հանրաքվեն կլինի-կանցնի, շտաբներն էլ կձևավորվեն, ժամանակացույց էլ կլինի, մարտից քարոզարշավն էլ կսկսվի, ամեն ինչ՝ իր տեղում ու իր ժամանակին, կարևորը դա չէ: Կարևորը միջին վիճակագրական հայի հոգում, սրտում ու մտքում կատարվողն է: Նրա ընդունած որոշումը ու նրա կատարած քայլը: Եվ նրան պետք է հարգել, ոչ թե սիրաշահել ու շողոքորթել, որովհետև երբ հայտարարվում է, որ իշխանությունը ժողովրդինն է, սոսկ սիմվոլիկ-փոխաբերական գովազդ է, այդ հայտարարությունը իրավականորեն ու իրականում նշանակում է, որ ժողովուրդն ընտրում է իշխանություն, որը պարտավոր է որոշումներ ընդունել ու իրագործել, եթե ժողովուրդը գոհ չլինի, հաջորդ անգամ կընտրի ուրիշին: Դա է նշանակում իշխանությունը ժողովրդինն է: Ժողովուրդը փողոցում իր իշխանությունը ցուցադրում է միայն այն դեպքում, երբ գործող իշխանությունը գործունակ չէ: ՈՒ դա արդեն երկկողմ ֆիասկո է՝ թե իշխանության, որ չի կարողանում կառավարել, թե ժողովրդի, որ սխալ ընտրություն է արել: Համարյա սրտի կանգի պես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 325-ի մայիսին Կոստանդինոս կայսրը հրավիրում է քրիստոնեական առաջին տիեզերական ժողովը Նիկիա քաղաքում, երբ քրիստոնեությունը Միլանի էդիկտից (հրովարտակ - խմբ.) հետո այլևս արգելված չէր ու ներքուստ էր տարաբաժանվում: Կոստանդինոսը միայն հունիսի 3-ին գնաց Նիկիա՝ ժամանակ տալով եպիսկոպոսներին ինքնուրույն որոշում ընդունել, և առաջինը, որ արեց, հրապարակավ կրակը նետելն էր մեկ ամիս շարունակ համարյա բոլոր եպիսկոպոսներից ստացած նամակները, որ կայսերը պատմում էին Նիկիայում կատարվող ամեն ինչի մասին: Փաստացի՝ եպիսկոպոսների մատնագրերը միմյանց վրա: Կայսրը կրակը նետեց նամակները, որ չէր բացել, ասաց, որ ոչինչ այդքան չէր ցանկանում, որքան հայտնվել նրանց առաջ ու շնորհակալ է Փրկչին, որ իր ցանկությունները կատարվում են: Նա հիշեցրեց փոխադարձ համաձայնության կարևորությունը ու հավելեց, որ անտանելի է եկեղեցու տրոհման միտքը ու պատերազմից ահավոր իր՝ նրանց հլու ծառայի համար, և խնդրեց մոռանալ անձնական վիրավորանքներն ու միասնական լինել Աստծո տանը: 1695 տարի անձնականը մոռանալը ու միասնական լինելը խնդիր է՝ այրելով խրտվիլակները, որ խորհրդանշում են խավարը, ու ծնում լույս: Որից ցավում են ոմանց աչքերը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ